19-րդ դարի ինժեներական մտքի հրաշքներից է Շահալիի (Զամանլուի) կամուրջը, որը կառուցված է Վահագնագետի (թուրք. Զամանլու, Փամբակ գետի վտակ) գեղատեսիլ կիրճում։ Այն ցարական Ռուսաստանում կառուցված ամենամեծ եռաթռիչք երկաթյա կամուրջն էր՝ 256մ երկարությամբ, 26մ բարձրությամբ և սերունդների հիշողության մեջ մնացել է որպես արտասովոր, երևակայությունը ապշեցնող երևույթ։ Մինչև այսօր տեղի բնակիչները որևէ շինության գեղեցկությունն ու արտառոց լինելը շեշտելու համար համեմատում են այն Շահալիի (Զամանլուի) կամրջի հետ և նրա հետ են կապում շատ պատմություններ։
Շահալիի կամուրջը նախագծվել էր Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու կառուցման շրջանակներում։
Շինարարական-ինժեներական աշխատանքներն իրականացվում էին Երկաթգծերի կառուցման վարչության պետ ինժեներ Եվգենի Դմիտրիևիչ Վուրցելի ղեկավարությամբ։
Այդ հսկա կոնստրուկցիան կառուցվել էր՝ հաշվի առնելով ժամանակի տեխնիկական ձեռքբերումները և ներառվել «Альбом видов и сооружений железной дороги от Тифлиса до Персидской границы, Джульфы с ветвями к гор. Карсу и Эривани. 1895-1907» գրքում՝ որպես «բարդ », «որևէ տեխնիկական հետաքրքրություն ներկայացնող՝ աշխատանքների իրականացման պայմանների բարդությամբ», «առավել հետաքրքիր նյութ»։
Կամուրջը կառուցվել է լեռնային դժվարամատչելի վայրում։ Աշխատանքներն իրականացվում էին ծայրահեղ բարդ երկրաբանական և տեղորոշման պայմաններում։ Հատկապես բարդ էր կամրջի ֆերմաների փոխադրումն ու տեղադրումը։ Ֆերմաները բարձրացնելու համար նախագծվել էին ժամանակավոր հենակներ և հատուկ սարքեր՝ փայտամածներ, կամուրջները փոխադրելու համար նախատեսված երկխցիկ սայլակներ։ Հավքելուց և գամելուց հետո ֆերմաները փուլ առ փուլ վեր էին հանվում և տեղադրվում հիմնական հենարանների վրա նշված բարձրության վրա և կապվում միմյանց հետ։ Հիմնարկեքի ժամանակ հաշվի էին առնվում հողաշերտի առանձնահատկությունները, եղանակային պայմանները, որոնցից ելնելով որոշվում էր սալիկապատման ձևը՝ երկակի թե միաշերտ։
Կամուրջը շահագործման հանձնվեց 1898թ. և գրեթե անխափան փոփխադրումներ իրականացրեց մոտ երկու հարյուրամյակ։ Սակայն արդի պայմաններում ծանրաբեռնվածության աճի պատճառով կամրջի վերակառուցման մասին որոշում կայացվեց Հարավկովկսյան երկաթուղու երկաթգծերի վերակենդանացման և երկաթուղու արհեստական կառույցների առողջացման ներդրումային ծրագրի շրջանակներում։
Շահալիի կամրջի վերանորոգման աշխատանքներն իրականացրեց «Կամուրջշին» ընկերությունը 2010-2012թթ․։ 2012թ․ ապրիլի 21-ին շահագործման հանձնվեց հին կամրջի կողքին կառուցված նոր կամուրջը, որի շինարարական աշխատանքները գնահատվեցին մոտ 1,2 մլրդ դրամ, իսկ հին կամուրջը թանգարանի կարգավիճակ ստացավ։
Спасибо!
Теперь редакторы в курсе.