Ալեքսանդրոպոլի Օլգինյան գիմնազիան Անդրկովկասի ամենահին կրթօջախներից է, որը մեծ ներդրում ունի կանանց կրթության զարգացման գործում: Գիմնազիայի շենքը հրաշքով պահպանվել և շարունակում է գործել մինչ օրս ՝ որպես ուսումնական հաստատություն: Այս առումով այն եզակի է, քանզի միևնույն գործառույթն իրականացնում է ավելի քան 100 տարի: Տեղացիներն այն անվանում են «գիմնազ»՝ տեղի բարբառին բնորոշ ձևով կրճատելով վերջավորությունը: Ալեքսանդրապոլի Օլգինյան գիմնազիայի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1879թ. նոյեմբերի 8-ին՝ Նորին կայսերական մեծություն Մեծ իշխան Կովկասի փոխարքայի ծննդյան օրը:

Սկզբում այն գործում էր որպես պրոգիմնազիա, որի ուսումնական գործընթացը կազմակրեպված էր ժամանակի չափորոշիչներին համապատասխան՝ ներառյալ լուսավորության նախարարության կողմից երաշխավորված դասագրքերը: Առարկաների ցանկում էին հայոց լեզուն, ռուսաց լեզուն, թվաբանությունը, Աստվածաբանությունը (ուղղափառ և առաքելական եկեղեցիների), վայելչագրությունը, ինչպես նաև ձեռագործը և երգեցողությունը: Որպես ուսումնական գրականություն Մանկավարժական խորհուրդը ընտրել էր հետևյալ ուսումնական ձեռնարկները՝ Ուղղափառ հավատքի ուսումնասիրության համար Սոկոլովի աղոթագիրքը, ռուսաց լեզվի համար՝ «Մայրենի լեզուն», թվաբանության համար՝ Զախարովի և Եվտուշենսկու գրքերը, Հայ առաքելական հավատքի դասընթացի համար՝ Տեր-Հակոբյանի «Աղոթագիքրը» ու քահանա Մանդենյանցի «Հին և Նոր կտակարանների դասավանդման ձեռնարկը»,  մանկահասակներին հայոց լեզվի դասավանդման համար՝ Աղոյանցի «Մայրենի լեզուն», մեծահասակաների համար՝ Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզուն»:

Քննություններն անցկացվում էին մայիսին՝ քաղաքային վարչության համաձայնությամբ: Ուսումնական գործընթացի վերահսկողությունն իրականացնում էին Կովկասի ուսումնական օկրուգը և ժողովրդական ուսումնարանների տնօրինությունը:

1885թ. Ալեքսանդրոպոլն այցելեց մեծ իշխանուհի Օլգա Ֆյոդորովնան իր ամուսնու հետ: Ի նշան այդ իրադարձության և ի շնորհակալություն իշխանուհու հոգածության պրոգիմնազիայի հանդեպ, որն արտահայտվել էր պրոգիմնազիան իր անունով կոչելու մեջ՝ Ալեքսանդրապոլի քաղաքային համայնքը 1885թ. ապրիլի 21-ին որոշում կայացրեց քաղաքային համայնքի կողմից սահմանել իշխանուհի Օլգայի անվան կրթաթոշակ (70 ռուբլի):

1905թ. Օլգինյան իգական պրոգիմնազիան Ալեքսանդրոպոլի պետական Դումայի միջնորդությամբ վերակազմվեց 7-ամյա գիմնազիայի՝ հնարավորություն ստանալով աստիճանաբար ավելացնելու դասարանների թվաքանակը: Ֆինանսավորումն իրականացվելու էր վճարովի հիմունքներով սովորողների և քաղաքային խորհրդի կողմից սահմանված տարեկան 2000 ռուբլի նպաստի հաշվին: Նույն ժամանակահատվածում կրկին ծառացավ մասնաշենք կառուցելու խնդիրը: 1910թ. Ժողլուսավորության նախարարությունը, ինչպես նաև ֆինանսների և պետվերահսկողության նախարարները հաստատեցին Կովկասյան փոխարքային միջնորդագիրը՝ շենքը կառուցելու համար 50 հազար ռուբլի առանց տոկոսի վարկի տրամադրման վերաբերյալ: 1909թ. Ժողլուսավորության շինարարական կոմիտեն այն հաստատեց և արդեն 1912թ. մայիսի 29-ին տեղի ունեցավ հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված էր մասնակցելու Կովկասյան օկրուգի ղեկավարը: Շինարարությունն ավարտվեց 1913թ.: