Արփաչայի ճակատամարտը ռուս-թուրքական բախումներում կարևորագույններից մեկն է:

         Արփաչայը՝ Ախուրյան գետը, ռուս-թուրքական սահմանի ջրբաժանն է, որն իր ռազմավարական կարևորությամբ յուրատեսակ «Ռուբիկոն» է ռուս-թուրքական հարաբերություններում: Հենց այստեղ, Ախուրյանի ափին Գումրի (ներկայիս Գյումրի) վայրից ոչ հեոռւ տեղի ունեցավ 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի առանցքային ճակատամարտերից մեկը, որը մեծավ մասամբ որոշեց 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ելքը, որի ընթացքում 1806 թ. թուրքերը նոր ճակատ բացեցին: Ֆրանսիացիների ճնշման տակ, ոգեշնչվելով Կարսում ռուսների անհաջողություններով, թուրքական սըրասկյար (զորքերի գլխավոր հրմանատար) Քոռ Յուսուֆ Զիայուդդին փաշան (Քոռ մականունը ստացել էր աչքը կույր լինելու պատճառով) 10 հազարանոց բանակով շարժվեց Գյումրի գեներալ Նեսվետաևի ջոկատի դեմ, որը նշանակալիորեն զիջում էր թվաքանակով: Նեսվետաևը, չնայած վճռեց պաշտպանվել մինչև վերջ (մինչ Գուդովիչի ժամանելը թուրքերը նրան գրոհել էին երիցս), այնուամենայնիվ գիտակցում էր, որ իր վիճակը բավականին բարդ է և վտանգավոր:

«Ռազմաճակատից մոտենում էր Յուսոֆ-փաշան 20 հազարանոց բանակով, իսկ ավելի ձախ, գրեթե թիկունքում, պարսիկները, թուրքերի հետ փոխադարձ համաձայնությամբ զորքեր էին կենտրոնացնում Երևանում և տեղակայվում Զանգու (այժմ Հրազդան) գետի ճամբարում: Թուրքերի հաջողության դեպքում նրանք մտադրված էին շարժվել Փամբակ և Շորագյալ (Շիրակ): Նման իրավիճակում Նեսվետաևը խնդրում էր իրեն օգնական զորք ուղարկել և պատասխան ստացավ, որ կոմս Գուդովիչն իր ողջ ջոկատով շարժվում է իրեն ընդառաջ»: Գիտակցելով իրավիճակի վտանգավորությունը՝ Կովկասյան զորքերի հրամանատար գեներալ-անշեֆ Ի.Վ.Գուդովիչը շտապում էր Նեսվետաևին օգնության: Հունիսի 8-ին նա մոտեցավ Գյումրիին: 260  վերստ անցել էին 15 օրում: Գուդովիչը տեղակայվել էր ավերված Ղոնախռան գյուղի մոտ, Գյումրիից 7,5 վերստ հեռավորության վրա:  Շիրակի սարերով, եղանակային ծանր պայմաններում լեռնանցումների հետևանքով զորքը հոգնած էր և Գուդովիչը ստիպված էր զորքին մի քանի օր դադար տալ: Օգտվելով ժամանակավոր դադարից՝ իմանալով, որ ռուսները մոտենում են Գյումրիին, Յուսուֆ փաշան սուհանդակ ուղարկեց Երևանի խանի մոտ օգնության խնդրանքով: Կարսի Մամեդ փաշան նույնպես գրում էր նամակներ Արթիկի Բուդաղ սուլթանին և իր քրոջը (Ջաֆար ղուլի խանի կնոջը), որոնցում առաջարկում էր անցնել թուրքերի կողմը, կամ էլ համենայդեպս, «ծանոթության կարգով և բարեկամաբար տեղեկություններ հայտնել ռուսական զորքերի կազմի, թվաքանակի և դրության մասին»: Օգնությանը երկար չսպասեցին: Համալրումը ստանալուց հետո թուրքական բանակում հաշվվում էր ավելի քան 20 հազար մարդ 25 թնդանոթով և երկու ականանետով: Կոմս Գուդովիչը կարող էր դրանց հակադրել միայն 6774 մարդ, այդ թվում Նեսվետաևի ջոկատը և Շորագելի պրովինցիայում տեղակայված զորքերը»: Այդուհանդերձ Գուդովիչը որոշում կայացրեց գրոհել թուրքերին՝ նպատակ ունենալով կտրել իրենց Կարսից: Գրոհը նշանակված էր հունիսի 18-ին: Չնայած եղանակային ծանր պայմաններին (նախօրեին ուժեղ անձրև էր տեղացել, ճանապարհները ջրաշաղախ էին եղել և տեղաշարժվելը դժվարացել էր)՝ գեներալ- անշեֆն իր գլխավոր ուժերը 4 շարք կառեով տարավ շրջանցելու թուրքական ճամբարը գեներալ-լեյտենանտ բարոն Ռոզենի (առաջին կառե),  գեներալ-մայոր Տիտովի (Երկրորդ կառե), գեներալ Պորտնյագինի (երրորդ կառե), մայոր Ուշակովի (չորրորդ կառե) հրամանատարությամբ:

Երթն այնքան էր դժվարացել, որ Գուդովիչը փոխեց իր պլանները և որոշեց գրոհել առավոտյան։ Սակայն ռուսների պլանը բացահայտվեց և 1807թ. հունիսի 18-ին թուրքերն անցան հարձակման Տիգնիսից (Ախուրյանի աջ ափից, ներկայիս Թուրքիայի տարածք)։ Մարտին մասնակցում էին Կովկասյան նռնականետային գնդի 3 գումարտակ, Խերսոնյան նռնականետային գնդի 4 գումարտակ, 15-րդ եգերսկի գնդի 2 գումարտակ, Նարվայի դրագունների գնդի 3 էսկադրոն և կազակային 3 գունդ։

Թշնամու հետևակը սրընթաց գրոհեց ձախակողմյան կառեն։ Միևնույն ժամանակ հեծելազորը հարձակվեց Տիտովի միջին կառեի վրա։ Երկյուղելով կենտրոնի ճեղքումից՝ Գուդովիչն առաջ մղեց Ուշակովի պահուստային կառեն… Միաժամանակ թշնամու 25 հրանոթ ռմբակոծում էր ռուսական ուժերի գլխավոր հենարանը՝ Պորտնյագինի կառեն։ Վիճակը ծայրահեղ էր։ «Թվում էր, թե Արփաչայի ափերին կրկնվում էր Աուստերլիցը. նույն հեռավոր շրջանցումն ամբողջ զորքով, անձրև, ցեխ, հակառակորդի անսպասելի գրոհ, հարված ամենազգայուն կետին …հաղթանակը պոկեց Նեսվետայևը։ Նա գրոհեց թուրքերին թրկունքից։ Այս գործողությունը որոշեց ճակատամարտի ելքը։ Թուրքերը խուճապահար դիմեցին փախուստի՝ չնայած եռակի թվային գերակշռությանը՝ թողնելով մարտի դաշտում 10 հրանոթ, 2 ականանետ (որոնք հետագայում Գուդովիչն օգտագործեց 1808թ. Երևանի գրոհի ժամանակ), մարտական դրոշները և 2 թուրքական ճամբար՝ պարենով և ռազմամթերքով»։ «Խառնաշփոթը թուրքական ճամբարում, շտապողական նահանջը, ավելի ճիշտ փախուստը, հասան նրան, որ սըրասկյարը չհասցրեց հեծել ձին և երկու վերստ հետիոտն վազեց։ Հակառակորդը կորցրեց ավելի քան 1000 մարդ սպանված։ Աբբաս Միրզայի ուղարկած ջոկատները հարևան բարձունքներից հետևում էին, թե ինչպես էին փախչում թուրքրեը ռուսների հետապնդումներից և պարսից գահաժառանգը ցավով տեղեկացավ Յուսուֆ պաշայի պարտության մասին, որին համարում էր օժտված զորավար։ Տեղակայվելով մարտի դաշտից 35 վերստ հեռավորության վրա՝  12 հազարանոց ջոկատով Աբբաս Միրզան սպասում էր, թե ինչով կավարտվի կոմս Գուդովիչի ու սըրասկյարի բախումը, և երբ լուր ստացավ գյավուրների (անհավատների) հաղթանակի մասին, նախընտրեց, չմիանալով թուրքերին, նահանջել դեպի Նախիջևան։ Միայն շնորհիվ պարսիկների ռազմատենչության և վճռականության բացակայության՝ ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը, հարձակողական գործողություններով ընդդեմ հակառակորդի ողջ բանակի, կարողացավ փայլուն հաղթանակ տանել, որն ավարտվեց թուրքական բանակի տարալուծմամբ։ Վերջինիս մնացորդրները, Յուսուֆ –փաշայի հետ միասին, փակվեցին Կարսի բերդում»։  

Արփաչայի ճակատամարտի ժամանակ աչքի ընկան և պարգևատրվեցին աշխարհազորում ծառայող շատ հայեր։ Իշխան Լուարսաբ Թարխանովը ստացավ մայորի կոչում, Ն.Գեորգի – Աբամելիքը՝ կապիտանի, Աղա Արղությանը, թիֆլիսահայեր Ռոստոմ Կորգանովը և Սագինովը՝ պոդպորուչիկի։ Գնդապետ Ֆ.Ի.Հախվերդովը՝ 9-րդ հրանոթային բրիգադի հրամանատարը, Արփաչայի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար Կովկասյան բանակում ծառայող հայ սպաներից առաջինն էր, որ արժանացավ 4-րդ կարգի սբ.Գեորգիի շքանշանի՝ Ռուսական կայսրության բարձրագույն զինվորական պարգևի։ Կոմս Գուդովիչն այդ թվում և Արփաչայի հաղթանակի համար ստացավ ֆելդմարշալի կոչում, քանզի այդ հաղթանակը հնարավորություն տվեց խլել նախաձեռնությունը Կովկասյան ճակատում և կնքնել հաշտություն, որը խիստ անհրաժեշտ էր պարսիկների հետ պատերազմի պայմաններում։ «Արփաչայի ճակատամարտը», որը եզրափակեց [ռուսական զորքերի] գործողությունները Ասիական Թուրքիայում, վերջնականապես համոզեց պարսիկներին ռուսների դեմ բաց պատերազմի անհնարիրնության մեջ։ Գլխավոր հրամանատարը, ոչ առանց հիմքերի, կարող էր ենթադրել, որ  նրա վերջին հաղթանակը զգալիորեն կարագացնի պարսիկների հետ հաշտության կնքումը…1807թ. ապրիլին Աբբաս Միրզան գրում էր կոմս Գուդովիչին, որ Պարսկաստանը լիովին համաձայնություն է արտահյտում ռուսների առաջարկած խաղաղության համաձայնագրին…