Կոորդինատներ՝ 45.106111, 40.340508

2025 թվականի հունիսի 5‑ին Հայաստանի Գավառ քաղաքում, որը ՌԴ  Նովոռոսիյսկի քույր քաղաքն է, Россотрудничество-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ տեղադրվել է հուշատախտակ՝ ի պատիվ Ռուսական կայսրության նշանավոր պետական ու ռազմական գործիչ, ծագումով հայ, ծովակալ Լազար Մարկովիչ Սերեբրյակովի (Ղազար Մարկոսի Արծաթագործյան): Նրա անունը անքակտելիորեն կապված է Նովոռոսիյսկի հիմնադրման և զարգացման, սևծովյան ափի եզրագծի ամրապնդման և Կովկասի առաջին ճշգրիտ տեղագրական քարտեզի կազմման հետ:

Քաղաքացիական գործունեություն և Նովոռոսիյսկի հիմնադրում

Ծագումով հայ՝ Լազար Սերեբրյակովը ծնվել է 1795 թ.՝ Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմ), ազնվականի ընտանիքում, և ամբողջ կյանքը նվիրել է Ռուսաստանին ծառայելուն։ 1838 թ․ նա առանցքային դեր է խաղացել Նովոռոսիյսկի հիմնադման մեջ՝ ընտրելով ռազմավարական կարևոր դիրք՝ ապագա նավահանգստի և քաղաքի կառուցման համար։ Նրա ղեկավարությամբ սկսվել է ամրությունների, նավահանգստային շինությունների և ենթակառուցվածքների շինարարությունը, որը վերածել է Նովոռոսիյսկը Սևծովյան ափի կարևոր կենտրոններից մեկի։

Ըստ ռազմական նախարար Չեռնիշեւին ներկայացված զեկույցի՝ Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար Գոլովինն առանձնահատուկ նշել է Սերեբրյակովի արժանիքները, նշելով․«…Նա ո՛չ միայն կառուցեց բերդը և տեղանքի ժամանակավոր պարիսպն, ինչպես նախատեսված էր, այլև ավարտեց ողջ Նովոռոսիյսկի ամրացումը, անցկացրեց երեք միավորիչ գիծ, կառուցեց պահակազորի համար նախատեսված շինություններ…»։

Զեկուցագրում հատուկ ընդգծվում էր սակավ միջոցները ճիշտ բաշխելու Սերեբրյակովի կարողությունը և նրա մշտարթուն զգոնությունը, մարդ, որ «ձեռքի տակ ունենալով փոքրաթիվ զորք և սահմանափակ նյութական միջոցներ՝ … իրականացրեց իրեն հատկացրած հատվածի ամրաշինության մեծ աշխատանք»։

Սերեբրյակովը միայն ռազմական հարցերով չի զբաղվել, այլև նպաստել է տարածաշրջանում քաղաքացիական կյանքի զարգացմանը։ Նա աջակցել է հայերի, հույների և այլ ժողովուրդների բնակեցմանը ափամերձ գոտում՝ նպաստելով տնտեսական աճին և մշակութային բազմազանությանը։ Նրա ջանքերով Նովոռոսիյսկը դարձավ ոչ միայն ռազմական բերդ, այլև վերածվեց առևտրային կենտրոնի։

Սևծովյան ափամերձ գծի ամրացումը

Սերեբրյակովի գլխավոր նվաճումներից էր նրա մասնակցությունը Սևծովյան ափամերձ գծի ամրապնդմանը Կովկասյան պատերազմի ընթացքում։ «1852 թ. ապրիլի 19-ին № 508 բարձրագույն հրամանագրով կոնտր-ադմիրալ Սերեբրյակովը նշանակվեց Սևծովյան ափամերձ գծի առաջին բաժնի, Նովոռոսիյսկի ամրության և այնտեղ կառուցվող նավահանգստի պետ։ Առաջին իսկ օրվանից Սերեբրյակովն ընկղմվում է ամրաշինության և ջոկատի անձնակազմի կազմակերպման աշխատանքների մեջ»։ Նա ղեկավարում է ծովային օպերացիաները, կառուցում ամրություններ և համակարգում բանակի և նավատորմի գործողությունները, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին ամրապնդվել Սևծովյան ափին։ Նրա ղեկավարությամբ կառուցվել են ամրություններ Գելենջիկում, Սոչիում, Թուապսեում և այլ կարևոր կետերում, ինչը զգալիորեն մեծացրել է տարածաշրջանի պաշտպանական դերը։ Վիցե- ադմիրալ Գրեյգը՝ կոմս Ի.Ի. Դիբիչին ուղղված նամակում գրում էր, որ «…հիշյալ սպան, բերդի [Անապա բերդի – խմբ.] շրջափակման ժամանակ, մշտապես գտնվելով իշխան Ալեքսանդր Սերգեևիչի տրամադրության տակ, կարող է պատասխանել այս օպերացիայի հետ առնչվող բոլոր հարցերին»։

Կովկասի տեղագրական քարտեզի կազմումը

Առանձնակի ուշադրության է արժանի Սերեբրյակովի գիտական գործունեությունը։ «Լավ ուսումնասիրելով այն ուղղությունները, որոնցով թուրքերը ներթափանցում էին Սուխումի՝ Աբխազիան գրավելու, ինչպես նաև դեպի Վրաստան և հյուսիսային Կովկաս, որոշել է քարտեզագրել այդ տարածքը։ Այդ նպատակով 1852 թ․ ամռանը նա գլխավորում է գիտական արշավախումբը: Տոպոգրաֆների օգնությամբ կատարվել են Նախաիրի և Մարուխի լեռնացքների տեղագրում։ Ացնելով Կովկասյան լեռնաշղթայի ձյունածածկ բարձունքները՝  1852 թ․ սեպտեմբերի 6‑ին նա դուրս է եկել Կուբան գետի մոտ, իսկ 10‑ին՝ արդեն Նովոռոսիյսկում էր։ Գիտական արշավի արդյունքները ներկայացվել են «Дорога из Сухуми к Кубани через Главный Кавказский хребет» [Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի միջով ճանապարհ Սուխումիից դեպի Կուբան – խմբ․] մանրամասն զեկույցում։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ արշավի արդյունքներով կազմվել է Կովկասի առաջին ճշգրիտ տեղագրական քարտեզը, որն ուներ հսկայական նշանակություն ինչպես ռազմական օպերացիաների, այնպես և տարածաշրջանի հետագա յուրացման համար։ Այդ քարտեզը հիմք հանդիսացավ հետագա աշխարհագրական ուսումնասիրությունների համար և մեծ դեր խաղաց Ռուսական կայսրությունում Կովկասի ինտեգրման գործում։

Հիշատակը Հայաստանում և Ռուսաստանում

Գավառում տեղադրված հուշատախտակը հարգանքի տուրք է ոչ միայն Նովոռոսիյսկի հիմնադիր անձին, այլև նշանավոր հայորդուն, ով  հավատարմորեն ծառայել է Ռուսաստանին։ Նրա ժառանգությունը շարունակում է միավորել երկու քույր քաղաքներին՝ հիշեցնելով հայ-ռուսական բազմադարյան բարեկամության մասին։

Լազար Սերեբրյակովը մնում է պատմության մեջ որպես տաղանդաշնորհ կազմակերպիչ, ռազմավար և հայրենասեր, որի հայրենիքի հանդեպ ունեցած վաստակը դժվար է գերագնահատել։ Նրա ներդրումը Նովոռոսիյսկի զարգացման և Ռուսաստանի հարավային սահմանների ամրապնդման, ինչպես նաև Կովկասի քարտեզագրման գործում ընդմիշտ կմնա սերունդների հիշողության մեջ։

Աղբյուրը՝ Арутюнов К.А., Гордость русского флота. Адмирал Лазарь Маркович Серебряков (к 200-летию со дня рождения), Москва: «АвангардЪ»,1996.