Կազակներն Անդրկովկասում հայտնվել են դեռևս XVIII դարում ռուսական զորքի կազմում Պյոտր I-ի Պարսկական արշավանքի ժամանակ։ 1804 թվականին իշխան Ցիցիանովի Երևանյան արշավանքի ժամանակ արշավային կորպուսի կազմում կար 350 գծային կազակ։ 1807 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի սահմանագիծն անցնում էր Լոռիով և Շիրակով։
Երկրամասը պաշտպանող զինվորները կազմաված էին Դոնի կազակային գնդից՝ 500 սուր և Թիֆլիսի գնդի երկու գումարտակից ու կարաբիներների երկու վաշտից։ Սակայն XIX դարի պատերազմները (1826-1828թթ․ ռուս-պարսկական, 1828-1829թթ․ ռուս-թուրքական և հատկապես Ղրիմի պատերազմը, ու դրանում կազակների մասնակցությունը) ազդեցություն թողեցին Անրդկովկաս, այդ թվում և Հայաստան հյուսիսկովկասյան կազակական զորամսերի տեղափոխման վրա։ Իր զեկուցագրում գեներալ Երմոլովը գրում էր․ «Ջալալ-օղլու գետակի վրա, կիսավեր հինավուրց Լոռի բերդից ոչ հեռու ես հրամայեցի կառուցել ամրություն պարենային պահեստը պահպանելու համար, որից հետո զորքը կատարելու է գործողություններ՝ հակառակորդի մեր սահմաններ ներխուժման, գյուղերն ասպատակելու ձգտումները կանխելու համար, որով սպառնում է նա մեծաթիվ հեծելազորով»։
Ծառայությունն Անդրկովկասում, որն առերեսվում էր ռազմական գործողությունների հետ կազակների մոտ հարգի էր և անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ ոչ բոլոր կազակներն էին ցանկանում օտարության մեջ ապրել։ Այդ իսկ պատճառով մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրկովկաս էին ուղարկվում ճանաչված կազակային հրամանատարներ։ Այսպես, XIX դարի 50-ական թվականներին այստեղ էր ծառայում Կովկասյան պատերազմի փառապանծ գեներալ Յակով Բակլանովը։
Երևանի նահանգում կազակները սկզբում բնակվում էին ռուսական վերաբնակիչների գյուղերում՝ Ջալալ-օղլի, Պուշկինո, Նովոպոկրովկա, մասամբ Պրիվոլնոյե, ինչպես նաև զինվորական Նովոալեքսանդրովկա գյուղում։ Այս գյուղերում ապրող ռուս գյուղացիները սերում էին Սարատովի, Տամբովի, Վորոնեժի, Պոլտավայի, Պենզայի, Մոսկվայի, Խարկովի նահանգներից։ 1858 թվականին Արևելյան Հայաստան տեղափոխված կազակների 26 ընտանիք հիմնեցին Նիկոլաևկա ստանիցան (կազակական բնակատեղի)։
Ստեփանավանի քաղաքային հին գերեզմանոցում պահպանվել է կազակների մոտ 100 շիրիմ։ Ցավոք նրանք պատվել են մոլախոտով, իսկ վերջին տարիներին դրանցից մի քանիսը հատկացվել են նոր հուղարկավորություններին։

Спасибо!
Теперь редакторы в курсе.