1918 մաիսյի 22-ի Սարդարապատի հերոսամարտի ժամանակ Արշալույս գյուղում տեղի ունեցան արյունալի մարտեր մի կողմից՝ հայոց կանոնավոր զինուժի, կամավորների և մյուս կողմից՝ Հայաստան ներխուժած օսմանյան ուժերի միջև։ Ինչպես հայտնի է, հերոսամարտին մասնակցեցին երևանյան զինվորական խումբը գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ, «Սարդարապատ» ջոկատը՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, 5-րդ բանակային գունդը՝ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, որի շտաբը գլխավորում էր Ալեքսանդր Շներուրը, առաջին Ռուսական հատուկ հեծելազորային ջոկատը` փոխգնդապետ Պավել Զոլոտարյովի հրամանատարությամբ և հայ-ռուսական սահմանային բատալյոնը՝ փոխգնդապետ Սիլինի հրամանատարությամբ։
Մայիսի 22-ին հայ-ռուսական նշանակալի այս զինախումբը գրոհեց թշնամուն Արշալույսի (թուրք․՝ Քյոպարլու) և Արմավիրի (թուրք․՝ Գուրդուղուլի) ուղղությամբ և ոչնչացրեց նրա առաջատար ջոկատները Եղեգնուտի (թուրք․՝ Գղամշլու) ուղղությամբ, իսկ օրվա վերջին ազատագրեց գյուղը և «Սարդարապատ» կայանը թշնամուց։
Այսօր շատ քիչ բան է հիշեցնում մեկդարյա այս իրադարձությունների մասին, սակայն Սբ․Աստվածածին եկեղեցու բակում կարելի է տեսնել եղբայրական գերեզման՝ ավանդական տուֆից բեկոր հայատառ գրառումով և խաչերով։ Այստեղ են թաղվել ուս-ուսի մեկ դրոշով պարուրված երկու զինվոր՝ Սեփան Ալոյանն ու անհայտ ռուս զինվորը, ովքեր զոհվել են Արշալույսի ուղղությամբ Սարդարապատի մարտերում։ Արշալույսի հնաբնակները բերնեբերան հաղորդում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության պատմությունը ռազմի դաշտում։ Ռուս զինվորը, որ անանուն է մնացել այդ հերոսական տարեգրության մեջ, ծանր վիրավորվել էր այդ մարտում։ Ստեփան Ալոյանը, ծնունդով Արշալույսից, պաշտպանվելով հրաձգությամբ նրա կողքին էր։ Տեսնելով մարտում մահացող իր ընկերոջը՝ նստեցրել էր նրան իր ձիու վրա և սրընթաց սլացել դեպի գյուղ։ Այնտեղ իր հարազատներն են՝ կօգնեն՜։ Սակայն թշնամու գնդակը խոցեց Ստեփանին։ Առավոտյան նրանց գտան Սբ․Աստվածածին եկեղեցու բակում՝ երկու նահատակ հայ և ռուս զինվոր, պառկած էին ուս-ուսի, նրանց կողքին էր սպիտակ ձին։ Ստեփան Ալոյանը 23 տարեկան էր, նույնքան էր նաև ռուսը։ Նրանց հուղարկավորեցին այնտեղ, որտեղ գտել էին, պարուրելով կարմիր կտորով, որը ռուսի ձեռքում էր եղել։
Ստեփան Ալոյանի տոհմը շարունակվում է ցայսօր։ Հետնորդները պահպանում են հերոս նախապապի և հայկական հողը պաշտպանող անանուն ռուս զինվորի մասին հիշողությունը։
Спасибо!
Теперь редакторы в курсе.