Կոորդինատները: 40.2202348N, 44.5349345E

Բեհբութով Վասիլի Օսիպովիչ (Բեհբութով Բարսեղ Հովսեփի; 1.01.1791թ.-10.03.1858թ.) ռուսական  զորահրամանատար, հետևակի գեներալ (1856-ից), իշխան։ Կովկասյան արշավների և Ղրիմի պատերազմի հերոս։ Պարգևատրվել է ժամանակի ռուսական գրեթե բոլոր շքանշաններով։

Սերում է հին հայկական իշխանական տոհմից։ Ծնվել է 1791թ․ Թիֆլիսում։ Դաստիարակությունը  ստացել է 1-ին կադետական կորպուսում, որն ավարտել է 1809թ․ ենթասպայի կոչումով և հաշվառվել Խերսոնի գրենադերային գնդում։ 1806-1812թթ․ ռուս-թուրքական պարտերազմի ժամանակ մասնակցել է Ախալցխայի ճակատամարտին (1810թ․)։  1812թ․ Հայրենական պատերազմի ակտիվ մասնակից։ 1816թ․ վերադառնում է Կովկաս, որտեղ դառնում է գլխավոր հրամանատար Ա․Պ․Երմոլովի ադյուտանտը։ 1817թ․ Բեհբութովն ուղեկցում էր Երմոլովին Պարսկաստան արտակարգ պատվիրակության կազմում։ 1819թ. մասնակցել է Դաղստանի լեռնցիների դեմ մի քանի արշավանքի, իսկ 1820թ․՝ Կազի-Կումիխի խանության գրավմանը և Խոզրեկ աուլի գրոհին։  

1825թ․ Բեհբութովը նշանակվում է 22-րդ հետևակային դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար և Իմերեթի կառավարիչ։ 1828-1829թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ մասնակցել է Ախալցխայի գրավմանը և կառավարել Ախալցխայի շրջանը։ 1830թ․ նշանակվել է Հայկական մարզի կառավարիչ։ 1838 թվականից Բեհբութովն Անդրկովկասյան երկրամասի գլխավոր վարչության խորհրդի անդամ էր, ապա՝ գործող բանակի գլխավոր շտաբի անդամ (Լեհաստան), կատարում էր Զամոստյե բերդի պարեկի պարտականությունները, այնուհետև կցվեց Առանձին կովկասյան կորպուսին։ 

1844թ․ սկզբին Վ․Օ․Բեհբութովը նշանակվում է հյուսիսային և լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար։ 1846թ․ ռուսական զորքերը Բեհբութովի հրամանատարությամբ Կուտիշի աուլում պարտության մատնեցին Շամիլի ջոկատներին։ 1847թ. վերջին Բեհբութովը դառնում է քաղաքացիական վարչության պետ և Անդրկովասյան երկրամասի գլխավոր վարչության խորհրդի նախագահ։ 1853-1854թթ․ զբաղեցրել է Կովկասյան կորպուսի հրամանատարի պաշտոնը, հաղթանակ է տարել թուրքական զորքերի նկատմամբ Բաշքադկլարում և Քյուրուկ-Դարայում։ 1854թ․ վերջին Բեհբութովը կրկին նշանակվում է Կովկասում քաղաքացիական վարչության պետ։ 1858թ․ սկզբին դառնում է Պետական Խորհրդի անդամ։

Վասիլի Օսիպովիչը ամուսնացած էր Մարիա Սոլոմոնովնայի հետ (ծնվ․ իշխանուհի Արղուտինսկայա-Դոլգոռուկայա), նրանց զավակներն էին Հովսեփը, Նիկոլայը (1839-1904, գեներալ-մայոր):

Երևանի Քանաքեո թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում գնտվում է գեներալ Բեհբութովի դստեր՝ Նատալիայի գերեզմանը (29 հունիսի 1832թ. – 7 հուլիսի 1833թ.)։ Սուրբ Հակոբ եկեղեցու քահանայի խոսքերով՝ աղջնակին մկրտել են հենց այդ եկեղեցում։ Ապրելով մեկ տարուց քիչ ավել՝ աղջիկը վախճանվել է։  

Վասիլի Օսիպովիչ Բեհբութովը կնքել է իր մահկանացուն 1858թ․ մարտի 10-ին Թիֆլիսում։

Աղբյուր:

https://www.kavkaz-uzel.eu/articles/24444/