Կոորդինատներ: 41.0163497N, 44.2903250Е

Ուրասար գյուղը (նախկին անվանումները Նովոպոկրովկա, Կույբիշև) գտնվում է Հայաստանի ու Վրաստանի ներկայիս սահմանից ոչ հեռու։ Հիմնադրվել է 1803-1805 թթ․ Տամբովի, Սարատովի, Պոլտավայի և այլ վայրերից ռուս ներգաղթյալների կողմից։ Հիմնականում նրանք զինվորականների ընտանիքներ էին, որոնք ուղարկվել էին Ռուսաստանի Կայսրության սահմանները պահպանելու համար։ 

19-րդ դարի կեսերին սկսվեց Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու շինարարությունը, որն ավարտվեց 1901թ․ զանգերի տեղադրմամբ։ Չնայած, որ զանգը տեղադրվել էր եկեղեցու կառուցումից տարիներ անց, այն գործող է եղել։   

Պահպանվել են կառույցի  չափաբերական մատյանները և տաճարի վանահայրերի անվանացանկը՝ սկսած 1885 թվականից․ օրինակ` Իլյա Խանդամովը հոգևորական ծառայություն է իրականացրել 1885-1895 թթ․, Գրիգորի Բունիաթովը՝ 1895-1900թթ․, Յակով Բոգատիրյովը՝ 1900-1901 և այլն։  

Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին դադարում է գործել։ Այն ծառայում էր սկզբում որպես կինոթատրոն, հետո որպես պահեստ։ 1989թ․ Սուրբ Աստվածածնի եկեղեցին հայտնվեց վթարային վիճակում։

2015թ․ բանասիրական գիտությունների դոկտոր Միքայել Ամիրխանյանի ջանքերի շնորհիվ սկսվեց եկեղեցու վերականգնման գործընթացը։ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը աջակցեց շինության տանիքի վերականգնման առաջարկին՝ դիմելով Լոռու մարզպետարան և Ուրասարի գյուղապետին՝ նախաձեռնությանն աջակցելու խնդրանքով։ Հենց այդպես, եկեղեցին տանիք ձեռք բերեց, տեղադրվեցին դռներ և պատուհաններ, մաքրվեցին  ներսի հատվածն ու բակը։

Նախաձեռնությանը միացավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսը (Չուլջյան), իսկ գյուցաղիները սարքեցին փայտե նստարաններ և հոգ են տանում եկեղեցու մասին։ Տոներին եկեղեցի են գալիս քահանաներ  և պատարագ մատուցում։   

Ուրասար գյուղում ապրում է մոտ 400 հոգի, որոնցից 20-ը ռուսներ են։