Կոորդինատներ՝ 40.841133, 44.347029

Մայոր Իոսիֆ Մոնտրեզորի անմահ ջոկատի հուշարձանը գտնվում է Փամբակի կիրճում, Վանաձոր — Սպիտակ ճանապարհի 8-րդ կմ-ին: Այստեղ ամփոփված է չորս մարմին՝ մայոր Իոսիֆ Մոնտրեզորը, պորուչիկ Վլադիսլավ Լադիգինը, ենթասպա Անիսիմ Չերեցը եւ Միխայիլ Վերեշչագան, որոնք զոհվել են 1804 թվականի օգոստոսի 21-ին: Մոտակայքում են եւս 94 զինվորների եւ մեկուկես տասնյակ հայ կամավորների մարմինները։

Մանրամասն նկարագրությունը

Սա պատմություն է ռուս մայորի մասին, ով առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ժամանակ հայկական հողի վրա քաջերի մահով է ընկել՝ Իոսիֆ Մոնտրեզորի մասին։ նրա ջոկատի սխրանքը կարելի է համեմատել Թերմոպիլեի մարտում Լեոնիդաս թագավորի 300 սպարտացիների սխրանքի հետ:

Իոսիֆ Անտոնովիչ Մոնտրեզորը ազնվական ծագում ուներ: Նա ծնվել էր 1767թ., ռուս մայորի ընտանիքում, որը ծառայում էր Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովի գրասենյակում: Հովսեփի հայրը սերտ ընկերական հարաբերություններ ուներ գեներալիսիմուսի ադյուտանտ Սեմյոն Խրիստոֆորովիչ Ստավրակովի հետ։ Նրա մահից հետո Ստավրակովը որդեգրել է Հովսեփին եւ նրա երկու եղբայրներին:

Պատանի Մոնտրեզորի ռազմական կարիերան սկսվեց օտարերկրյա հավատակիցների կորպուսից, որն ավարտել է ենթասպայի պաշտոնում եւ անմիջապես դրսևորել իրեն որպես քաջարի զինվոր. նա մասնակցել է Անապայի գրոհին (1791) եւ պարգևատրվել Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշանով, այնուհետեւ Կասպիական ռազմական կորպուսի կազմում մասնակցել է Մահմեդ-խանի զորքերի դեմ արշավանքին (1796-1797): Իսկ 1801-ին գեներալ Պավել Դմիտրիևիչ Ցիցիանովի կողմից նշանակվել է փոքր կայազորի հրամանատար՝ բաղկացած Թիֆլիսի հրացանակիրների գնդի երկու վաշտերից Ղարաքիլիսա գյուղում (այժմ ՝ Վանաձոր քաղաք, Հայաստան)։

Ծառայության ընթացքում Մոնտրեզորը մասնակցել է մի քանի մարտերի. 1802 թվականին՝ Կարսի ճակատամարտում Ախալցխայի փաշայի և Նախիջևանի Խանի միացյալ բանակի դեմ, 1804 թվականին իրեն դրսևորել է որպես հերոս Գանձակի բերդի գրոհի ժամանակ, որից հետո նրան մայորի կոչում է շնորհվել:

1804թ․ հուլիսին Երեւանը պաշարող ռուսական զորքերը պարենի մեծ պակաս էին զգում: Արգելափակված բերդի շրջակայքն ավերված էր պարսկական զորքերի կողմից, որոնք լիարժեք առավելություն ունեին հեծելազորում: 1804 թվականի օգոստոսի 14-ին գեներալ Ցիցիանովի հրամանով մայոր Մոնտրեզորը փոքրաթիվ ջոկատի հետ պաշարված ամրոցից ճանապարհ ընկավ՝ Թիֆլիսից մայոր Ստախիևի հրամանատարությամբ պարենով և զինամթերքով գումագը դիմավորելու համար: Ջոկատի կազմում էին 4 սպա, Թիֆլիսի գնդի 108 հրացանակիր, 11 հայ կամավոր և մեկ ռմբարկու թեթեւ հրանոթով՝ «միաեղջյուրով»:

Ջոկատի շարժին հետևել էր հակառակորդը: Հետապնդելու համար ուղարկվեց թշնամու հեծելազորը, որն ամբողջ ճանապարհին փորձել է ջոկատին ներքաշել մարտի մեջ։ Մոնտրեզորը եւ նրա զինվորները հաջողությամբ դիմադրում էին եւ երկու օրվա ընթացքում հաղթահարեցին 100 վերստ ճանապարհ:

Օգոստոսի 21-ի առավոտյան, շրջանցելով Համամլուն (այժմ ՝ Սպիտակ), Մոնտրեզորը մտավ Փամբակ գետի կիրճը՝ հրով ու սվինով բացելով իր ճանապարհը։ Դա նրանց վերջին ճանապարհն էր։ Սարալ տեղանքի մոտ  նրանք շրջապատվեցին վեցհազարանոց բանակի կողմից՝ պարսիկ Պիր-Ղուլի-Խանի և ապստամբ վրաց թագաժառանգ Ալեքսանդրի գլխավորությամբ:

Պարսիկներն առաջարկեցին հանձնվել, իսկ սպաներին՝ ծառայության անցնել շահի մոտ՝ խոստանալով արտոնություններ ու բարձր պաշտոն:  Մոնտրեզորը կարճ ու հստակ պատասխանեց. «Մահը կգերադասեմ ամոթալի գերությունից»: Ունենալով ընդամենը փոքր արշավային թնդանոթ՝ Մոնտրեզորի ջոկատը պայքարեց մինչև վերջ: Դա կենաց ու մահու պայքար էր:

Իհարկե, բոլոր մարտիկները հասկանում էին, որ սա իրենց վերջին մարտն է: Այդ իսկ պատճառով Մոնտրեզորը կանչեց հայ կամավորներին, ովքեր հավատարմության երդում չէին տվել Ռուսաստանի կայսրին և հրամայեց նրան հեռանալ մարտի դաշտից: Բայց նրանցից ավագը բոլորի փոխարեն պատասխանեց. «Այո, մենք հավատարմության երդում չենք տվել ցարին, բայց նա հեռու է, ուստի մենք քեզ ենք տալիս հավատարմության երդում և մնում ենք»:

Մարտը տևեց մի ամբողջ օր: Պարսիկները քանակական առավելություն ունեին, այն էլ 48 անգամ: Մոնտրեզորը ծանր վիրավորում է ստանում մարտի սկզբում, սակայն շարունակում է ղեկավարել ջոկատը և անձամբ կրակում հրանոթից։ Իսկ երբ ջոկատից կենդանի մնաց 40 հոգի, Մոնտրեզորն ասեց.«Եղբայրնե՛ր, ես այլևս ձեր հրամանատարը չեմ, շնորհակալություն ծառայության և խիզախության համար։ Ով ուզում է, թող լքի ինձ և փրկվի»։ Բայց ոչ ոք չի լքել մարտի դաշտը. զինվորներն ընդունեցին սվիններով վերջին հարձակումը իրենց հրամանատարի հետ…

Մայոր Մոնտրեզորի անդամահատված մարմինը գտել են թնդանոթի վրա։ Կողքին անկենդանացել էին պորուչիկ Լադիգինը, ենթասպաներ Ցերեցը և Վերեշչագոն ու 94 զինվոր: Թշնամին լքել էր մարտի դաշտը՝ հույս ունենալով տիրանալ երկար սպասված պարենի եւ զենքի տրանսպորտը Թիֆլիսից:

Ջոկատի սխրանքի ու մահվան մասին տեղեկացել են հրաշքով փրկված հայ ազատամարտիկից, ով հասել էր Համամլու, իսկ այնտեղից էլ նրան տարել են Ցիցիանովի մոտ:

Մայոր Մոնտրեզորի ջոկատի սխրանքը լայն հնչեղություն ստացավ հայկական գրական ստեղծագործություններում։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» հայտնի վեպում Մոնտրեզորը հիշատակվում է Ցիցանովի առաջին արշավի կապակցությամբ Կարամայոր անունով, ինչը թարգմանաբար նշանակում է Սև մայոր:

1804 թվականին ռուս զինվորների մահվան վայրում կառուցվել է առաջին հուշարձանը, որը կանգուն է եղել մինչև 1827 թվականը։ Տապանքարին փորագրվել էր սգացող գեներալ-լեյտենանտ իշխան Ցիցիանովի գրառումը. «Ճամփորդ, կանգ առ և հարգանքով հանիր գլխարկդ։ Անտարբեր մի անցիր մարմարյա լուսավոր գերեզմանի կողքով, որն արձանագրում է մի հերոսի անուն, որի գործերը կապահովեն նրա հիշողության անմահությունը»։

Նշված տարվա հոկտեմբերի 8-ին կոթողն ավերվել է երկրաշարժի հետևանքով։ 1837թ. կառուցվել է նոր հուշարձան, որի վրա Կովկասի փոխարքա կոմս Վորոնցովը թողել է շնորհակալական գրություն։ Բուրգի տեսքով հուշարձանը կանգուն է եղել մինչև 1918 թվականը, այնուհետև ավերվել թուրքական արշավանքի ժամանակ։ Այն վերականգնել են միայն 60 տարի անց ՝ 1978 թվականին, շրջակա գյուղերի բնակիչների ջանքերով, որոնք իրենց ուժերով երրորդ անգամ հուշակոթող կանգնեցրեցին Մոնտրեզորի ջոկատի անմահ սխրանքի հիշատակին։

Մայոր Իոսիֆ Մոնտրեզորի անմահ ջոկատի հուշարձանը գտնվում է Փամբակի կիրճում՝ Վանաձոր — Սպիտակ ճանապարհի 8-րդ կմ-ին ։ Այստեղ ամփոփված է չորս մարմին՝ մայոր Իոսիֆ Մոնտրեզորը, պորուչիկ Վլադիսլավ Լադիգինը, ենթասպաներ Անիսիմ Չերեցը եւ Միխայիլ Վերեշչագան, որոնք զոհվել են 1804 թվականի օգոստոսի 21-ին: Մոտակայքում ևս 94 զինվորի և մեկ տասնյակ հայ կամավորների մարմիններ են թաղված:

Ամեն տարի օգոստոսի 21-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, գիտության եւ մշակույթի Ռուսական կենտրոնի, 102-րդ ռազմաբազայի նախաձեռնությամբ «Մայոր Մոնտրեզորի եւ նրա ջոկատի մահվան վայր» հուշահամալիրում միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված 1804 թվականին Փամբակի ճակատամարտում զոհված ջոկատի հիշատակին: