Համառոտ նկարագրություն

Պատվո բլուր` հուշահամալիր, Ռուսական կայսրության սպաների գերեզմանոց, ովքեր զոհվել են ռուս-թուրքական պատերազմներում: Համալիրը ներառում է նաև Սուրբ Միքայել հրեշտակապետի մատուռը:

Մանրամասն նկարագրություն

Պատվո բլուր հուշահամալիրը հիմնվել է 1856թ.:  Այն սկսվել է Ղրիմի պատերազմում զոհված զինվորների եւ սպաների գերեզմանոցից: Այդ պատերազմի երկրորդական մարտերը ծավալվում էին ոչ միայն Կամչատկայում եւ Սպիտակ ծովում, այլեւ Կարսի մոտ: Եվ չնայած պատերազմի արդյունքում զորքերն այնտեղից ստիպված եղան դուրս բերել, գրավված թուրքական նահանգը և գերեվարված անգլիացի զինվորական խորհրդականները հզոր խաղաքարտ դարձան ռուսական դիվանագիտության ձեռքում, որը թույլ տվեց խուսափել այլ տարածքային կորուստներից։ Երբեմն նույնիսկ հնչում է այն պնդումը, որ «Կարսը փոխանակել են Սեւաստոպոլի հետ», եւ եթե այդպես է, ապա եթե ոչ պաշտպաններն, ապա Սեւաստոպոլի ազատարարները ննջում են այստեղ:

Եվ՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի հետ բազմաթիվ բախումների պատճառով ռուսական բանակը, չնայած փայլուն կատարում էր իր առջև դրված խնդիրը, այնուամենայնիվ կորուստներ ուներ, և քանի որ մահացածների մարմինները հնարավոր չէր տեղափոխել Ռուսաստան, նրանք թաղվեցին հայկական հողում:

Նոր հերոսներն ամփոփվեցին Պատվո բլրում 1877-1878 թվականների ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո:

 Հետագայում ընդլայնված գերեզմանոցում հիմնադրվեց Միխայիլ հրեշտակապետի մատուռը, որն անհայտ պատճառներով օծվեց միայն 1886 թվականին: Տեղաբնիկներն անսովոր մետաղական գմբեթի պատճառով մատուռն անվանեցին Պլպան-ժամ՝ Փայլող եկեղեցի:

Մինչև 20-րդ դարի առաջին կեսը «Պատվո բլուրը» մնում էր քաղաքի անբաժանելի մասը, և բնակիչները հսկում ու պաշտպանում էին այն: Այնուամենայնիվ, 20-րդ դարի 60-70-ականներին խորհրդային շրջանում հուշահամալիրը քանդվեց:

Սկզբում այս զինվորական գերեզմանատունը գտնվում էր քաղաքի սահմաններից դուրս, բայց ժամանակի ընթացքում Գյումրին ընդարձակվեց, և այժմ «Պատվո բլուր» -ը գտնվում է քաղաքի գլխավոր հրապարակից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ «Սլոբոդկա» թաղամասում:  Ի դեպ, մինչ այժմ բնակիչները պահպանել են քաղաքի հին թաղամասերի ռուսական անվանումները՝ Սլոբոդկա, Կազաչի պոստ, Սևերսկի, Պոլիգոն: 90-ականներին՝ երկրաշարժից հետո, Անդրկովկասում ռուսական ուժային խմբի զինծառայողների համար կառուցվեց «8-րդ ավանը» (8-ой городок): Եվ սրանք ոչ միայն պատմական անուններ են․ դրանք երբեմն օգտագործվում են պաշտոնական փաստաթղթերում և առօրյա խոսքում:

102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը չէր կարող համակերպվել կարևոր այդ պատմական հուշարձանի կորստի հետ և, փոխհամաձայնության գալով քաղաքային վարչակազմի հետ, ուղղեց իր ջանքերը` գտնելու միջոցներ և կապեր « Պատվո բլուրը» վերականգնելու համար: Մշակվեց «Պատվո բլուր» -ի վերականգնման հանրային ծրագիր, որում շեշտը դրվում էր երիտասարդների, պատմաբանների, հնագետների, միսիոներների ներգրավման վրա: Նոր հուշահամալիրը վերստեղծվել է 21-րդ դարում, որի բացմանը ներկա էին երկու նախագահները՝ Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը:

Հուշարձանի ստորին մասում` ինչպես Սևաստոպոլի ռազմածովային տաճարում, չորս գեներալների՝ Պյոտր Կովալեւսկու եւ Ալեքսանդր Գագարինի Ղրիմի պատերազմից, Միխայիլ Գրաբբեի եւ Իլյա Չելոկաեւի խորհրդանշական գերեզմաններն են (1877 թվականի պատերազմից):