Համառոտ նկարագիր
Լոռու մարզում գտնվող փոքր քաղաք Ստեփանավանը փառավոր անցյալ ունի։ Նրանով էին անցնում դեպի Դվալի (Պուշկինի) լեռնանցք Պարսկաստանից և Թուրքիայից դեպի Թիֆլիս տանող քարավանային ուղիները, Ռոստովյան ամրոց, Մոսկվա տանող ճանապարհը։ Այս տարածքում կային բազմաթիվ իջևանատներ կամ քարվանսարաներ։ Բայց քչերը գիտեն, որ սահմանամերձ քաղաքն ուներ ռազմավարական կարևոր նշանակություն, իսկ 3 կողմից անառիկ կիրճով շրջապատված ամրոցում 19-րդ դարում տեղակայված էր ռուսական պահեստազորը, որտեղ ծառայում էր ռուս պոետ, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովը։
Մանրամասն նկարագիր
Բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս հին ժամանակներից ի վեր, սակայն 19-րդ դարի սկզբին այն հիշատակվում է որպես քաղաք Ջալալօղլի անվանումով՝ ի պատիվ արցախյան Հասան-Ջալալյանների իշխանական տոհմի: Քաղաքի ծաղկմանն ու զարգացմանն են նպաստել նաև Առաքելյանների, Գրիգորյանների, Ջիլավյանների, Մելիքսեթյանների, Պապայանների ու այլ վաճառականների տոհմերը։ Քաղաքի Ջալալօղլի անվանումը պահպանվել է մինչև 1923թ.։
Դեռևս մինչև Արևելյան Հայաստանի Ռուսական Կայսրությանը միանալը, 1828 թ․ Ջալալօղլիում կառուցվել էր բերդ, որտեղ տեղակայված էր ռուսական պահեստազորը, ինչպես նաև կառուցվել էր ռուսական եկեղեցի։ Որոշ տվյալներով եկեղեցին կառուցվել է 1882թ․ որպես արշավային եկեղեցի (походная церковь)՝ Կուբանի կազակական զորքերի 1-ին Սեւծովյան գնդի համար, հանուն Սուրբ Ալեքսանդր Նեւսկի բարեպաշտ իշխանի և կարող էր ներառել մինչև 200 հոգի։ Կազակական ստորաբաժանումը կազմավորվում էր Կուբանի մարզի կովկասյան բաժնի կազակներից և մտնում էր Կովկասյան Կազակական 2-րդ դիվիզիայի կազմի մեջ։
Եկեղեցու, ինչպես նաև ամրոցի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, չնայած նրան, որ բերդը, ընդհուպ 1990-ականները ծառայում էր որպես ռազմական զորամասի տեղակայման վայր, իսկ հիմա միայն փլատակ է 6 հա հողատարածքի վրա։ Պահպանվել են ստորգետնյա ապաստարաններն ու ձեռքով շարված քարե հին պատերը։
1895-1899 թթ․ այստեղ հաճախակի էր լինում Թիֆլիսի ուսանող և բոլշևիկյան ընդհատակյա գործիչ Ստեփան Շահումյանը, ով արդեն հասցրել էր որոշակի համբավ ձեռք բերել՝ որպես նավթային մագնատ Ալեքսանդր Մանթաշովի որդու ուսուցանող։ 1898թ. Շահումյանն այստեղ հիմնեց առաջին մարքսիստական խմբակը, որը հավաքվում էր Ձորագետի քարանձավներում։ Հետագայում, խորհրդային կարգերի հաստատումից հետո, քաղաքը վերանվանվեց Ստեփանավան՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։
Спасибо!
Теперь редакторы в курсе.