Ֆիոլետովո (Նիկիտինո) գյուղը՝ մոլոկանների գյուղ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, որը հիմնվել է XIX դարում։ Մեր օրերում այստեղ բնակվում է շուրջ 1300 մարդ՝ 350 տուն։

Հայաստանում մոլոկանները բնակություն են հաստատել մոտավորապես 1830-1840-ականների սկզբներին, երբ այստեղ տեղափոխվեցին հավատացյալները Տամբովի, ապա Սարատովի նահանգներից։ 1835թ․ ձևավորվեց մոլոկանների Ելենովկա (ներկ․՝ Սևան) գյուղը, 1842-ին՝ Նիկիտինոն (ներկ․՝ Ֆիոլետովո), 1846-ին՝ Վորոնցովկան (ներկ․՝ Տաշիր), 1847 թվականին՝ Վոսկրեսենկան (ներկ․՝ Լերմոնտով) և այլն։

Խորհրդային տարիներին Հայաստանում հաշվվում էր մոլոկանների մոտ 30 գյուղ։ Մեր օրերում մոլոկանները բնակեցնում են ամբողջովին Ֆիոլետովոն և մասամբ՝ Լերմոնտովոն։ Մոլոկանների համայնք կա նաև Երևանում, Դիլիջանում (Պանինո գյուղը ներառվել է քաղաքի մեջ), Տաշիրում։

1840 թվականին Տամբովի նահանգի Մարաշանսկի գավառի Ալգասովո գյուղից Անդրկովկաս աքսորվեց  մոլոկանների 57 ընտանիք՝ 195 տղամարդ և 194 կին, ովքեր և հիմնադրեցին Նիկիտինո գյուղը։ Բնակեցման նոր վայրն ընտրել էր զինվորական պաշտոնյա Նիկիտինը ավելի վաղ շրջանում հիմնված ուղեկալներից, որոնք տեղակայված էին ռազավարական կարևոր նշանակություն ունեցող վայրերում։ Հարկ է նշել, որ Սևանա լիճը միշտ գայթակղիչ է եղել թե՛ թուրք-օսմանների և թե՛ պարսիկների համար, սակայն մերձակայքը գրեթե բնակեցված չէր։

Նիկիտինո անվանումը մոլոկանների գյուղը ստացել է ի պատիվ զինվորական պաշտոնյա Նիկիտինի, իսկ 1930-ականների վերջրերին անվանափոխվել Ֆիոլետովո՝ ի պատիվ Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Ի․Տ․ֆիոլետովի։

Այն վայրը, որտեղ հիմա գտնվում է Ֆիոլետովո գյուղը՝ անտառածածկ է, չնայած, որ գտնվում է ծովի մակերևույթից 1700-2200 մ բարձրության վրա։ առաջին տները՝ զեմլյանկաները, փորվել են անտառի մեջ։ Ցայսօր պահպանվել է մի քանի բլուր ՝ մոլոկանների ծանր կենցաղի և հարմարվելու վկաները։

Այնուհետև մոլոկանները սկսեցին կառուցել փայտե տներ՝ «սռուբներ», ինչպես ընդունված է եղել «Մեծ հողում» (նրանք ցայսօր այդպես են անվանում Ռուսաստանը), սակայն հետո հրաժարվեցին այդ ավանդույթից՝ անցնելով Հայաստանում առավել տարածված շինանյութին՝ քարին։ Ճիշտ է, պատշգամբները, կտուրները, նախամուտքերն ու պատուհանները շարունակում են մնալ փայտյա։

Այսօր ֆիոլետովոյում կարելի է տեսնել մի քանի փայտաշեն տուն, որոնց տարիքը հաշվվում է ավելի քան 150 տարի։ Տներից մեկում բացվել է մոլոկանների կենցաղի թանգարան, իսկ անմիջապես կողքին «Չայբուշկա» սրճարանն է՝ ավանդական խոհանոցով։

Այսպես է նկարագրում մոլոկանների հետ հանդիպումը Մաքսիմ Գորկին՝ 1928թ․ դեպի Հայաստան կատարած ուղևորության ժամանակ․ «Լճի ափին ռուսական մեծ գյուղ է, այնտեղ ապրում են խոշոր հաղթանդամ կանայք, մեծ մորուքավոր տղամարդիկ, լավ սնված, շիկահեր երեխաներ։ Շատ առողջ ժողովուրդ է, բայց մեծ մասի աչքերը տարօրինակ թափանցիկ են և քնատ, այդպիսի աչքեր նկատել եմ Շվեյցարիայի հովիվների մոտ, և մտքիս եկավ, որ դա ժամանակից դուրս, իրականությունից անդին ապրող մարդկանց աչքեր են»։

Մոլոկանները պահպանում են իրենց ավանդույթները։ Կանայք և աղջիկները ծածկում են գլուխները գլխաշորով, ամուսնացած տղամարդիք մորուք են պահում։ Սիրված գույներն են սպիտակը, երկնագույնը, որոնք խորհրդանշում են մաքրությունն ու ոգեղենությունը, կիրառվում են ինչպես հագուստում, այնպես և բնակարանի ներքին հարդարանքում։ Այդ իսկ պատճառով Ֆիոլետովոյում տների մեծ մասը ներկված են սպիտակ, իսկ՝ պատուհանների փականները՝ երկնագույն։ Յուրաքանչյուր տան կողքին՝ բակերում և տնամերձում աճում են կեչիներ՝ ի հիշատակ լքված հայրենիքի։ Գյուղի մոտ կարելի է տեսնել կեչիների անտառ, որը տնկել են մոլոկանները։

Համայնքի ղեկավարն է Ալեքսեյ Ալեքսեևիչ Չիչյովը։ Գյուղում կա միջնակարգ դպրոց։

Նյութի հեղինակն է Ելենա Շուվաևան։