Փոստի շենքը Գյումրի քաղաքի առանձնահատուկ շինություններից է, որը կառուցվել է XIX դարի վերջին։ Կառույցը բաղկացած է երկու մասից՝ մի մասը կառուցվել է 1870 թվականին և պատկանել վաճառականներ Աբովյաններին։ Շենքի հենց այս հատվածում է նկարահանվել Ալբերտ Մկրտչյանի հանրահայտ «Մեր մանկության տանգոն» ֆիլմը («Արմենֆիլմ» կինոստուդիա, 1985թ․), որի պատշգամբը՝ զբոսաշրջիկների սիրած վայրերից է։ Տեղացիներն այն անվանում են «վառեմ-մարեմի բալկոն»՝ կրկնելով ֆիլմի հերոսուհի Սիրանուշի խոսքերը։ Շենքի մյուս մասը կառուցվել է 1885թ․ և պատկանել է Խալաթյանց վաճառականական ընտանիքին։ Նախահեղափոխական տարիներին շինության մի հատվածում գանձապետարանն է եղել, մյուսում՝ քաղաքային գլխավոր փոստը, որը, տեղացիների վկայությունների համաձայն գործել է մինչև 1988թ․ երկրաշարժը։ Այսօր շինությունը պատկանում է «Կումայրի» արգելոց-թանգարանին։
Հայկական մարզի ձևավորումից հետո առաջ եկավ փոստի կազմակերպման հարցը։ Սկզբնական շրջանում գործում էր 1828թ․ բացված Երևանի փոստային էքսպեդիցիան։ Հետագայում ձևավորվեց Փոստերի գլխավոր վարչություն, իսկ 1884 թվականից՝ Փոստի և հեռագրության գլխավոր վարչություն, որի ստորաբաժանումներից էր Կովկասի փոստային վարչությունը՝ համապատասխան փոստային բաժանմունքներով։ Ալեքսանդրապոլը ներառված էր Թիֆլիսի փոստային օկրուգի մեջ, որն ընդգրկում էր Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Բաքվի, Ելիզավետպոլի նահանգները, Կարսի մարզը և Զակաթալայի օկրուգը։ Ալեքսանդրապոլում գործում էր փոստային ծառայություն։ Ծառայությունները տրամադրվում էին «կայսրության բոլոր նահանգներում»։ 19-րդ դարի առաջին կեսին փոստի ընդունումը կատարվում էր շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին, իսկ ստացումը՝ երկուշաբթի օրերին առավոտյան ժամը 08․00-ին։ Փոստային ծառայություններն իրականացվում էին պետության կողմից սահմանված համապատասխան գումարի դիմաց, որը կախված էր փոստային երթուղու կետերի միջև տարածությունից, ինչպես նաև փոստի բնույթից՝«ծանր» կամ «թեթև»։ Օրինակ, ծրարով հասարակ նամակի համար գանձվում էր 10 կոպեկ արծաթով։
Ալեքսանդրապոլից փոստային ճանապարհը ձգվում էր դեպի հյուսիս՝ Ախալքալաք, ապա շարունակվում Կարս և Սարիղամիշ։ 1847 թվականին (մեզ հանդիպած ամենահին հիշատակությունը ՛Ալեքսանդրապոլի փոստի պետի մասին) Ալեքսանդրապոլի փոստը ղեկավարում էր «տիտուլյարնի սովետնիկ» Պյոտր Իվանովիչ Բայկովը, իսկ 1880-ականներին՝ «նադվորնի սովետնիկ» Օսիպ Պետրովիչ Գոնչարենկոն, որի գերեզմանը գտնվում է Գյումրու քաղաքային գերեզմանոցում։
Աղբյուրներ
- Вейденбаум Е.Г., Путиводитель по Кавказу, Тифлис,1888.
- Забытая частичка истории Гюмри: что станет с «домом любви» Фрунзика Мкртчяна и Гали Новенц//Sputnik Армения, https://am.sputniknews.ru/20190515/Zabytaya-chastichka-istorii-Gyumri-chto-stanet-s-domom-lyubvi-Frunzika-Mkrtchyana-i-Gali-Novents-18592624.html
- Кавказский календарь на 1847г., Тифлис, 1846.
- Кавказский календарь на 1890, Тифлис, 1889.
- Список почтово-телеграфных и почтовых учреждений Российской империи. – Санкт-Петербург : издание Главнаго упр. почт и телеграфов, 1886. – 793, [2] с. ; 22 см ., С.12 // https://www.prlib.ru/item/451202.
Спасибо!
Теперь редакторы в курсе.